Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, այն ևս մեկ առիթ է խոսելու քաղցկեղի կանխարգելման, հայտնաբերման և բուժման մասին՝ բարձրացնելով հասարակության իրազեկվածության մակարդակը: 2000 թվականին Փարիզում անցկացված Քաղցկեղի դեմ պայքարի առաջին համաշխարհային գագաթնաժողովն է համարվում օրվա մեկնարկը:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանը նշում է, որ քաղցկեղի ամենատարածված տեսակներն են կրծքագեղձի, թոքի, հաստ և ուղիղ աղու և շագանակագեղձի քաղցկեղը:
Բժշկի խոսքով՝ քաղցկեղից մահացության մոտ մեկ երրորդը պայմանավորված է ծխախոտի և ալկոհոլի օգտագործմամբ, մրգերի և բանջարեղենի քիչ ընդունմամբ, ավելորդ քաշով և ֆիզիկական ցածր ակտիվությամբ: Քաղցկեղ առաջացնող վարակները, ինչպիսիք են մարդու պապիլոմավիրուսը (HPV) և հեպատիտը, պատասխանատու են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղի դեպքերի մոտավորապես 30%-ի համար:
«Քաղցկեղի առաջացումը բազմաստիճան պրոցես է, որի ընթացքում օրգանիզմի նորմալ բջիջները գենետիկ մուտացիաների և արտաքին գործոնների համատեղ ազդեցության հետևանքով վերափոխվում են նախաքաղցկեղային ախտահարման, այնուհետև՝ չարորակ ուռուցքի»,-նշում է բժիշկ Հարությունյանը։
Քաղցկեղածին գործոնները բաժանվում են մի քանի խմբի՝
ֆիզիկական քաղցկեղածիններ, ինչպիսիք են ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթումը, քիմիական քաղցկեղածին նյութեր, ինչպիսիք են ասբեստը, ծխախոտի ծխի բաղադրիչները, ալկոհոլը, աֆլատոքսինը (սննդամթերքի մեջ), մկնդեղը (խմելու ջրի մեջ) և ալյն,
կենսաբանական քաղցկեղածիններ, ինչպիսիք են որոշ վիրուսներ, բակտերիաներ կամ մակաբույծներ։
Քաղցկեղին բնորոշ նշաններից են՝
Կրծքագեղձում կամ թևատակում առաջացած կոշտության զգացում
Պտուկի փոփոխություններ կամ արտադրություն
Մաշկի անբացատրելի քոր, կարմրություն, խոցոտում
Արյունամիզություն
Արյունահոսություն, կապտուկներ առանց հայտնի պատճառի
Արյուն կղանքում
Աղիքային սովորությունների փոփոխություններ
Հազ կամ խռպոտություն, որը չի անցնում, արյուն խորխի մեջ
Ցավ ուտելուց հետո (այրոց կամ մարսողության խանգարում, որը չի անհետանում)
Կլման խանգարում
Որովայնի շրջանի ցավ, սրտխառնոց և փսխում, ախորժակի փոփոխություններ
Հոգնածություն, որը ծանր է և տեւական
Ջերմություն կամ գիշերային քրտնարտադրություն՝ անհայտ պատճառի
Լեզվի վրա կամ բերանի խոռոչում սպիտակ կամ կարմիր բիծ
Գլխացավեր, ցնցումներ, տեսողության և լսողության փոփոխություններ
Նոր նևուս (խալ) կամ գոյություն ունեցող նևուսի փոփոխություն Խոց, որը չի բուժում
Մաշկի դեղնություն
Քաշի ավելացում կամ քաշի կորուստ առանց հայտնի պատճառի:
Լիլիթ Հարությունյանը շեշտում է, որ քաղցկեղի վաղ հայտնաբերումը մեծապես բարձրացնում է բարեհաջող բուժման հնարավորությունները: Իսկ վաղ հայտնաբերման 2 բաղադրիչներն են՝ վաղ ախտորոշումը և սկրինինգը: «Վաղ ախտորոշումը կենտրոնանում է սիմպտոմատիկ հիվանդներին որքան հնարավոր է շուտ հայտնաբերելու վրա, մինչդեռ սկրինինգը ուղղված է հայտնաբերելու քաղցկեղը նախքան որևէ ախտանիշի ի հայտ գալը: Ժամանակակից ախտորոշման մեթոդների և բուժման նոր մոտեցումների շնորհիվ էապես բարձրանում է այս հիվանդությունից լրիվ ապաքինման հավանականությունը»,-նշում է բժիշկը։
.png)